National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.12.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ճեպազրույցները
1 / 7

Դեկտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցներում անցնող տարին ամփոփեցին խորհրդարանական վեց մշտական հանձնաժողովների ղեկավարները:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի   2010 թ.-ի գործունեությունը ներկայացնելով` Նաիրա Զոհրաբյանը նախ խոսեց իր ղեկավարած հանձնաժողովի առանձնահատկությունների  ու ոլորտների մասին: ԱԺ կանոնակարգն այս հանձնաժողովի համար  սահմանել է մյուս հանձնաժողովներից փոքր ինչ տարբերվող գործառույթներ. դրանք են` հարաբերությունները Եվրամիության ու Եվրախորհրդի հետ, օրենքների համապատասխանեցումը  ԵԽ չափանիշներին:  Նշված ուղղություններով, Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ, ընթացիկ տարում հանձնաժողովն ակտիվորեն է աշխատել, իսկ օրենքները ԵԽ չափանիշներին համահունչ դարձնելու  հարցով զբաղվել են  համապատասխան հանձնաժողովները: Հանձնաժողովի նախագահը կատարած աշխատանքներից առանձնացրեց ընթացիկ տարում իրենց նախաձեռնած երկու խորհրդարանական լսումները: Առաջինը` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի  հետ համատեղ կազմակերպած լսումներն էին` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավական կարգավիճակին եւ սոցիալ-հոգեբանական խնդիրներին, որոնց ամբողջական լուծում տալու նպատակով ծրագրում են հանդես  գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Մյուսը` «Հասարակական կազմակերպությունների մասին» օրինագծի հասարակական   քննարկումն էր, որի արդյունքում վիճահարույց այս նախագծի վերաբերյալ  ստացվել են 200-ից ավելի առաջարկություններ եւ իմի բերվել բոլոր տեսակետները: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ գարնանային նստաշրջանի ընթացքում ծրագրում են կազմակերպել արտագնա խորհրդարանական լսումներ` Աբովյանի կանանց գաղութում` եվրոպական չափանիշների տեսանկյունից դիտարկելու այստեղ մարդու իրավունքների պաշտպանության հարցը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ ԵՄ Արեւելյան գործըներության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» աշխատանքների  մեկնարկի ձգձգմանը, ինչը պայմանավորված է Բելառուսի պատվիրակության հետ կապված խնդիրներով: Տկն. Զոհրաբյանը, վերահաստատելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը` Բելառուսի պատվիրակության լիարժեք մասնակցության անհրաժեշտության մասին` հույս հայտնեց, որ հունվարի վերջին «Եվրանեսթը» կսկսի իր աշխատանքը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այս տարվա ընթացքում քննարկել է 49 միջազգային պայմանագիր եւ համաձայնագիր, որոնք բոլորը վավերացվել են խորհրդարանի կողմից, նշեց Արմեն Ռուստամյանը:  Որպես գլխադասային` հանձնաժողովով է անցել եւ ընդունվել երկու օրենսդրական նախաձեռնություն, երկուսն էլ փոփոխություններ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում: Դրանցից մեկով հանրապետության Նախագահին վարապահվում է պայմանագրի կնքման փուլում այն  կասեցնելու կամ դադարեցնելու  հնարավորություն, երկրորդով էլ նախատեսվում է  չճանաչված երկրները որպես համաձայնագրի կողմ ճանաչելու նորմ: Քառօրյայի օրակարգում էր գտնվում Արմեն Ռուստամյանի հեղինակած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին: Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ խորհրդարանն այս հարցին կանդրադառնա գարնանային նստաշրջանում:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը 2010 թ.-ին գլխադասային է եղել 39 օրենքների նախագծերի համար` այդ թվում 11-ը կառավարության եւ 28-ը պատգամավորական նախաձեռնությամբ, ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նախագծերից 16-ը հեղինակել են ՀՀԿ, 5-ը` ՀՅԴ, 4-ը` «Օրինաց երկիր» խմբակցությունները եւ 3-ը` անկախ պատգամավորները:  Քննարկված նախաձեռնություններին 14-ն արդեն ընդունվել են, հանձնաժողովի նախագահը դրանցից կարեւորեց հատկապես «Պետական կենսաթոշակների մասին» օրենսդրական փաթեթը` կազմված 5 մայր օրինքներից եւ համապատասխան փոփոխությունների մասին 48 օրենքներից: Հանձնաժողովի նախագահը եւս մեկ անգամ անդրադարձավ կենսաթոշակային ոլորտում քաղաքականության փոփոխմանը` ասելով. որ սերունդների համերաշխության սկզբունքն իր տեղը զիջելու է քաղաքացու կողմից  կենսաթոշակի կուտակման մոդելին: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կենսաթոշակային նոր համակարգը երեք հիմնական բաղադրիչ է ունենալու. կենսաթոշակային ապահովություն` ամբողջապես պետական մասնակցությամբ, կուտակային պարտադիր կենսաթոշակ` քաղաքացու եւ պետության հնգական տոկոս մասնակցությամբ եւ կամավոր կուտակային կենսաթոշակ: Վերջինիս պարագայում պետությունը, ավանդների երաշխավորման մոդելի կիրառմամբ, 4 մլն դրամի չափով կերաշխավորի կամավոր կուտակային ներդրումները: Այս փաթեթից հանձնաժողովի նախագահը կարեւորեց նաեւ «Ներդրումային ֆոնդերի մասին» եւ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրինագծերը:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն ամփոփելով իր ղեկավարած հանձնաժողովի 2010 թվականի գործունեությունը ` նշեց, որ հանձնաժողովը քննարկել է մեկ տասնյակ օրինագծեր, որոնք խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել են առաջին եւ երկրորդ ընթերցումներով:

Ինը օրենսդրական նախաձեռնություններ  գտնվում են  շրջանառության մեջ: Հանձնաժողովը գործուն մասնակցել է մի շարք աշխատանքային խմբերի աշխատանքներին: Այս իմաստով Խաչիկ Հարությունյանը կարեւորեց Սեւանա լճի հարցով ստեղծված հանձնաժողովի աշխատանքը, մանրամասնելով, որ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական  հարցերի մշտական  հանձնաժողովը խնդրի առնչությամբ կատարել է մի շարք  առաջարկներ:

Իրականացվել են աշխատանքային այցեր ՀՀ  մարզեր, որոնցից Արմավիրի մարզ կատարված այցին մասնակցել է նաեւ ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Տեղերում հանդիպումներ են եղել գյուղացիների, մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,  քննարկվել են ոռոգումների, մթերումների հետ կապված  հարցեր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանը ներկայացրեց հանձնաժողովի ավարտվող տարում կատարած աշխատանքները: Մասնավորապես նշվեց, որ անցնող մեկ տարում  հանձնաժողովում քննարկվել են քսանյոթ օրինագծեր, որոնք ստացել են օրենքի ուժ: Երեսուներկու օրենսդրական նախագծեր այժմ գտնվում են նստաշրջանի  օրակարգում. դրանց վերաբերյալ հանձնաժողովը ձեւավորել է իր եզրակացությունը:

Երեսունվեց օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովը դեռեւս եզրակացություն չի ձեւավորել, դրանք առայժմ գտնվում են քննարկման փուլում:

Հանձնաժողովն ստացել է հազար գրություն եւ դիմում, որից երեք հարյուր հիսունը` քաղաքացիներից: Բոլորը պատասխանվել են, քառասունհինգ դիմումի ընթացք է տրվել:

Պարոն Շահբազյանն ի թիվս այլ օրինագծերի,  կարեւոր համարեց վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված պատժի ապաքրեականացման վերաբերյալ, կեղծ ապրանքների  շրջանառության համար պատասխանատվություն սահմանող, ՀՀ Սահմանադրությանը հակասող մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի ընդունումը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ամփոփելով 2010 թվականի ընթացքում հանձնաժողովի աշխատանքը եւ արդյունքները, նշեց նաեւ նախատեսված ծրագրերը:

Անցնող տարում հանձնաժողովը հասարակական հնչեղություն ունեցող մի շարք հարցերի հետ կապված` կազմակերպել է չորս խորհրդարանական լսում: Դրանք վերաբերել են ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի քննարկմանը, ոստիկանության համակարգի բարեփոխումներին, թմրամոլության դեմ պայքարի միջոցառումներին եւ այլն:  Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ ՀՀ զինված ուժերի կանոնագիրքն այժմ ուղարկված է փորձաքննության, այն հավանաբար կքննարկվի եւ կընդունվի ԱԺ գարնանային նստաշրջանում: Նշվեց նաեւ, որ քննարկումներ են ընթանում  ՀՀ զինված ուժերի ներքին կարգապահական կանոնների վերաբերյալ կանոնագրքի շուրջ:

Բացի հերթական նիստերից, հանձնաժողովը գումարել է նաեւ մեկ դռնփակ նիստ, որտեղ հանրապետության համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդում են ներկայացրել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:  ԱԺ լիագումար նիստերում քննարկման են ներկայացվել մի շարք օրինագծեր: Շրջանառության մեջ են գտնվում երկու տասնյակ օրինագծեր, որոնք հիմնականում վերաբերում են ոստիկանության համակարգի բարեփոխմանը:

Կազմակերպվել են այցեր ՀՀ զորամասեր եւ զինկոմիսարիատներ:

Առաջիկայում այցելություն է նախատեսված ԼՂՀ զորամասեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am